Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

«Թշնամին կիսով չափ մեր մեջ է, լույսի մարտիկն էլ է մեր մեջ»

«Թշնամին կիսով չափ մեր մեջ է, լույսի մարտիկն էլ է մեր մեջ»
13.06.2014 | 12:44

«Այսօր շատ կոչեր են հնչում, իշխանությունը, ընդդիմությունը, հասարակական կազմակերպությունները, մտավորականները խոսում են ինչ-որ միավորման մասին` մեջբերելով նաև Չարենցի հայտնի ակրոստիքոսը: Բայց ոչ ոք չի ասում` ինչի՞ շուրջ պետք է միավորվել»,- այս մասին «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց «Ներդաշնակ աշխարհ» նախաձեռնության ներկայացուցիչ ԱՐՏԱՇԵՍ ՓԱՓԱԶՅԱՆԸ: Նշենք, որ համահայկական հիմնախնդիրների «Արեգ» գիտավերլուծական կենտրոնը թեմայի վերաբերյալ կազմակերպել է քննարկումներ, մամուլի ասուլիսներ:
Արտաշես Փափազյանը նշեց, որ միավորում ասվածը պատկերացնում են քաղաքական հարթություններում (լավագույն դեպքում) և խոսում են հանցավոր ռեժիմը տապալելու, ավելի բարոյական, առաքինի մարդկանց իշխանության բերելու մասին: «Այսինքն, ի վերջո խնդիր է դրվում իշխանափոխության, և ոչ ոք հաշվի չի առնում, որ միավորման, իշխանափոխության կոչեր անող մարդիկ մեկ անգամ արդեն եղել են իշխանության մեջ: Դեպի անկում տանող բևեռի ուղղվածությունը, միգուցե ոչ այս մասշտաբների, բայց նույնն է եղել»:
Զրուցակիցս նկատեց, որ մեր ազգը միավորվում է հիմնականում ֆորսմաժորային իրավիճակներում, երբ թշնամին կանգնած է դռան շեմին, վկան պատմությունը` Վարդանանց պատերազմ, Սարդարապատի ճակատամարտ, Արցախյան ազատամարտ: Անդրադառնալով մեր` «Այսօր ֆորսմաժորային իրավիճակում չե՞նք» հարցին` կարծիք հայտնեց, որ այժմ շատ ավելի ծանր է իրավիճակը, թշնամին աներևույթ է և շատ ավելի հզոր: «Ամենակարևորը, ճակատային գիծն անցնում է մանկապարտեզներով, դպրոցներով, փողոցներով, գիշերային ակումբներով, վերջիվերջո, մեր ընտանիքներով և յուրաքանչյուրիս միջով: Թշնամին կիսով չափ մեր մեջ է, լույսի մարտիկն էլ է մեր մեջ»:
Արտաշես Փափազյանի բնորոշմամբ` վերջին քսան տարիներին մոռացել ենք մեր հին ու նոր աստվածներին ու սկսել ենք պաշտել մամոնային, որդեգրել ենք բոլորովին այլ արժեքներ` հարստություն, բարեկեցություն, բարգավաճում, անգամ հազար ու մի կուսակցություն ունենք այդ անուններով: Նրանք, ովքեր քննադատում են օլիգարխներին, հոգու խորքում ուզում են նույն ձևով ապրել: Գլխավոր արժեքը դարձել է փողը։ Մինչդեռ հայոց համախմբումն այսօրվա հրամայականն է: Համախմբման ամենակարևոր կռվանը խնդիր առաջադրելն է, և այս հարցում կարևորվում է մտավորականության դերը: «Երբ հասարակությունը գտնվում է անկման վիճակում (իսկ մենք հոգևոր, բարոյական անկում ենք ապրում), ազգի մտավորականությունը պետք է բացահայտի անկման պատճառներն ու այդ վիճակից դուրս գալու ելք գտնի»,- ընդգծեց նա, հավելելով, որ աշխարհը գնում է դեպի կործանում, չափազանց մեծ արագություն է ձեռք բերել բարոյահոգեբանական անկումը:
Իսկ ի՞նչ է առաջարկում «Ներդաշնակ աշխարհ» նախաձեռնությունն այս համատեքստում: Զրուցակցիս կարծիքով` «նախ պետք է հարց տանք` ինչո՞ւ է աշխարհն այս վիճակում, ինչո՞ւ է մարդկությունը հազարամյակներով ձեռք բերած իր առաքինությունները դեն նետում` մարդ-մարդուց վերածվելով մարդ-կենդանու: Մենք պետք է հարց տանք ինքներս մեզ` ո՞րն է հայի առաքելությունը մարդկության փրկության խնդրում: Մենք Սփյուռք ունենք, ամբողջ աշխարհում ունենք մեր ներկայացուցիչները: Սփյուռքի գոյացումը պատահականությո՞ւն է, թե՞ օրինաչափություն (վտանգավոր բաներ եմ ասում): Միգուցե փրկության մեխանիզմները այստե՞ղ պետք է գտնել: Երբ նայում ես մարդկության պատմությանը, հայերը միշտ կան, սկսած Հայկի ու Բելի պատերազմից: Իսկ դա չարի ու բարու, նյութապաշտության ու հոգևոր արժեքների կռիվ էր: Միգուցե սա՞ է մեր առաքելությունը»:
Արտաշես Փափազյանը նկատեց նաև, որ համախմբվելու իմաստով մեծ հնարավորություններ են ընձեռում տեղեկատվական տեխնոլոգիաները: Ցանցային տարածքում մարդիկ քննարկումներ են կազմակերպում հիշյալ հարցերի վերաբերյալ, ուստի համացանցը համախմբվելու լավ մեխանիզմ է, բյուրեղացման կենտրոն. «Մանավանդ որ այդ տարածքներում իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են որոշակի հասարակական ակտիվություն ունեցող մարդիկ, ովքեր, վերջին հաշվով, ինչ-որ բան են փնտրում»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2181

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ